Երկրաշարժ

potd-child-table_3106412k

Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։

Տարբեր ժամանակաշրջաններում երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տվյալ ժամանակներում ընդունված պատկերացումների համաձայն և հիմնականում կապվել է տարատեսակ կենդանիների շարժումների հետ։ Այսպես օրինակ, հին Չինաստանում երկրաշարժերի «մեղավորը» ցուլն էր, Ճապոնիայում՝ ձուկը, Հնդկաստանում՝ խլուրդը և այլն։ Առաջին անգամ երկրաշարժերի բացատրությունը երկրի ընդերքում որոնելու վարկածն արտահայտել է հին հույն փիլիսոփա Արիստոտելը։ Նա համարում էր, որ Երկրի վրա առաջացող քամիները ճեղքերի և քարանձավների միջոցով մտնելով Երկրի ընդերք, այնտեղ առկա կրակի պատճառով ուժեղանում են և սկսում ճանապարհ որոնել դեպի Երկրի մակերևույթ, հենց դրա ժամանակ էլ տեղի են ունենում երկրաշարժերը։ Այս վարկածը թեև իր մեջ չի պարունակում ոչ մի լուրջ գիտական բացատրություն, սակայն երկար ժամանակ ընդունվել է որպես երկրաշարժերի առաջացման հիմնական վարկած։ Դրա շնորհիվ մինչև այժմ էլ մնացել է «սեյսմավտանգ եղանակ» հասկացությունը։

Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.

Բնական երկրաշարժեր

Տեխնածին երկրաշարժեր

Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանվորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կարստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։

Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։

Նշված բոլոր տիպի երկրաշարժերից Հայաստանի տարածքում առավել ուժեղ և առավել տարածված են տեկտոնական երկրաշարժերը։

Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես երկու խմբի.

Կանխատեսելի երկրաշարժեր

Անկանխատեսելի երկրաշարժեր

Ընդհանրապես երկրաշարժերի կանխատեսում ասելով պետք է նկատի ունենալ նրա տեղի, ուժգնության և ժամանակի հավանականային բնութագրերը։ Կանխատեսելի համարվում են այն երկրաշարժերը, որոնք իրենց «ստեղծման» փուլում թույլ են տալիս գրանցել տարատեսակ նախանշաններ։ Երկրաշարժերի նախանշաններից են համարվում՝ ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունները, երկրամագնիսական դաշտի փոփոխությունները, ռադոն գազի անոմալ փոփոխությունները և այլն։ Անկանխատեսելի են համարվում առանց որևէ նախանշանների գրանցվող երկրաշարժերը։

երկրաշարժի առաջացումը

18–րդ դարի սկզբին անգլիացի գիտնական Ջոն Միտչելը եկավ այն եզրակացության, որ Երկրի ցնցումները երկրաշարժի ժամանակ տեղի են ունենում առաձգական ալիքների շարժման արդյունքում։

Ներկայումս առավել ընդունված տեսակետներից մեկի համաձայն երկրաշարժերը տեղի են ունենում այն դեպքում, երբ երկրակեղևի լեռնային ապարների որոշակի զանգվածում առաձգական լարումներն ու դեֆորմացիաները գերազանցում են այդ ապարների կարծրությանը։

Երկրաշարժը հաջորդում է լեռնային ապարների փոխադարձ սահքին։ Սկզբում դա արգելակվում է շփման ուժի միջոցով, որի հետևանքով, կուտակվում են բնահողերի առաձգական լարումներ։ Երբ լարումը հասնում է շփման ուժից մեծ կրիտիկական արժեքի, տեղի է ունենում բնահողերի կտրուկ խզվածք՝ նրանց տեղաշարժով։ Կուտակված էներգիան ազատվում է, առաջացնելով երկրի մակերևույթի ալիքային տատանումներ՝ երկրաշարժ։

Երկրաշարժից առաջացած սեյսմիկ ալիքները տարածվում են ձայնային ալիքների նման։ Հեռավորությունից կախված, ալիքների ուժգնությունը նվազում է։
Ալիքների առաջացման կետին ասում են երկրաշարժի օջախ կամ հիպոկենտրոն, իսկ երկրի մակերևույթի նրա վերևի կետին՝ էպիկենտրոն։
Սեյսմիկ ալիքների տարածման արագությունը կարող է հասնել մինչև 8 կմ/վրկ։

Երկրաշարժի մագնիտուդը]

Երկրաշարժի մագնիտուդը երկրաշարժի ժամանակ սեյսմիկ ալիքների տեսքով անջատվող էներգիան բնութագրող մեծությունն է։
Մագնիտուդի սանդղակը 1935թ. առաջարկել է ամերիկացի գիտնական Չարլզ Ռիխտերը և հաճախ ասում են նաև՝ Ռիխտերի սանդղակ։
Պարունակում է 1-ից մինչև 9 պայմանական միավոր՝ մագնիտուդ, որոնք հաշվվում են սեյսմոգրաֆի արձանագրած տատանումներով։
Այս սանդղակը հաճախ շփոթում են երկրաշարժի ինտենսիվության 12 բալանի համակարգի հետ, որը հիմնված է ստորերկրյա ցնցումների արտաքին դրսևորումների՝ մարդկանց, առարկաների, կառույցների, բնության օբյեկտների վրա ունեցած ազդեցությունների վրա։ Երկրաշարժը պատահելուց հետո սկզբից հայտնի է դառնում սեյսմագրերով որոշվող մագնիտուդը, այլ ոչ թե ինտենսիվությունը, որը պարզ է դառնում որոշ ժամանակ հետո՝ հետևանքների մասին տեղեկությունները հավաքելուց հետո միայն։

Գուտենբերգ-Ռիխտերի օրենքը

Չարլզ Ռիխտերի ու Բենո Գուտենբերգի առաջարկած օրենքը նկարագրում է ցանկացած տվյալ տարածաշրջանի և ժամանակահատվածի համար մագնիտուդի և երկրաշարժերի ընդհանուր քանակության միջև եղած կապը՝

N=10a-bM,

որտեղ

N-ը M մագնիտուդով իրադարձությունների քանակն է,

a-ն եւ b-ն հաստատուններ են:

Այս կախվածությունը զարմանալի կերպով կայուն է ինչպես տարածության, այնպես և ժամանակի մեջ։

Սեյսմիկ ակտիվ տարածաշրջանների համար b հաստատունը սովորաբար հավասար է 1-ի։ Այս դեպքում բանաձևն ստանում է

N=10a-M

տեսքը, ինչը նշանակում է, որ 4.0 մագնիտուդով յուրաքանչյուր իրադարձությանն ընկնում է 3.0 մագնիտուդով տասը և 2.0 մագնիտուդով՝ հարյուր երկրաշարժ։ Տարածաշրջանի տեկտոնական կառուցվածքից կախված, b-ի արժեքը կարող է տատանվել 0.5-ից մինչև 1.5։
Նկատելի բացառություն են «երկրաշարժերի տարափ» տեսակի երևույթները, որոնց դեպքում b-ն կարող մեծ լինել 2.5-ից, ինչը նշանակում է խոշոր երկրաշարժերի համեմատ փոքրերի մեծ հաճախականությունը։

Երկրաշարժի մեծությունները և օջախի մեխանիկան

Այս բաժնում ներկայացված են երկրաշարժի օջախները, դրանց ներգործության մեխանիզմը, տարածա-ժամանակային բաշխումը։ Օջախները լինում են բնական և տեխնածին։ Դրանցից առաջինները, որոնք հանդիսանում են հիմնական օջախները, ընդհանրապես կապ չունեն մարդկային գործոնի հետ, իսկ տեխնածիններն այս կամ այն չափով կապված են մոլորակի վրա մարդկային կենսագործունեության հետ։ Բնական օջախների ակտիվությունը Երկրի վրա արտահայտվում է երկրաշարժերով։ Երկրաշարժի առաջացման պատճառների բացատրությունները կապված են երկրագնդի կեղևի՝ լիթոսֆերայի մեջ անընդհատ տեղի ունեցող երևույթների հետ։ Երկրագնդի կեղևը շատ բարակ հաստություն ունի նրա շառավղի հետ համեմատած։ Այդ շերտը՝ լիթոսֆերան պինդ է, բայց ոչ ամբողջական։ Այն բաժանված է մի քանի մեծ կտորների, որոնք կոչվում են սալեր։ Սալերի չափերը հարյուրավոր կիլոմետրերից հասնում են հազարավոր կիլոմետրերի։ Լիթոսֆերայի տակ՝ մանթիայում ազդում են խորքային ուժեր, որոնք ստիպում են սալերին շատ դանդաղ շարժվել կամայական ուղղությամբ տարեկան մինչև մի քանի սանտիմետր մեծության։ Այդ խորքային ուժերի առաջացման պատճառները դեռ լրիվ հայտնաբերված չեն և կապված են երկրագնդի ներսում անընդհատ տեղի ունեցող ջերմային կոնվեկցիայի (փոխանցման), այլ ֆիզիկա-քիմիական պրոցեսների հետ։ Այս բարդ գործընթացում որոշ տեղերում երկու սալերի արանքից երկրի խորքից դեպի մակերևույթ դուրս են գալիս կիսաշիկացած ապարային զանգվածներ, սալերը հեռացնելով միմյանցից, մյուս տեղերում սալերը իրենց կողերով սահում են իրար նկատմամբ և վերջապես կան տեղեր, որտեղ մեկ սալը մյուսի հետ հանդիպելիս ընկղմվում է մյուսի տակը, վերջինս կոչվում է սուբդուկցիայի երևույթ։ Սալերի այդպիսի անհամաձայնեցված դանդաղ շարժումները ստիպում են ապարային ստվարաշերտին ճաքճքել ու տրոհվել՝ առաջացնելով երկրաշարժեր։

Այսպիսով, լիթոսֆերային սալերի շարժման հետևանքով լիթոսֆերան կազմող ապարներում կուտակվում են առաձգական լարումներ։ Երբ այդ առաձգական լարումների արժեքները հասնում են ապարների ամրության սահմանը գերազանցող կրիտիկական մեծության, ապարներում տեղի են ունենում սեյսմածին խզումներ։ Սեյսմածին խզումները սովորաբար առաջանում են լիթոսֆերայի առավել թուլացած գոտիներում, որոնք իրենց հերթին հանդիսանում են երկրակեղևում ավելի վաղ առաջացած երկրաբանական խզումներ։ Բեկվածքի առաջացած մասի (սեյսմածին խզման) երկարությունը կարող է փոխվել մի քանի մետրից (աննկատելի երկրաշարժերի դեպքում) մինչև մի քանի հարյուր կիլոմետր (խոշոր երկրաշարժերի դեպքում)։ Սեյսմածին խզումը կարող է դուրս գալ Երկրի մակերևույթ, բայց կարող է նաև մնալ մեծ խորության վրա։ Տրոհման ժամանակամիջոցը տևում է մի քանի վայրկյանից (թույլ երկրաշարժեր) մինչև մի քանի տասնյակ վայրկյանների (ուժեղ երկրաշարժեր)։ Տրոհման պրոցեսի ընթացքում առաջանում է կինետիկ էներգիա, որը ծախսվում է ապարների փշրման, քայքայման և սալերի ուղղահայաց և հորիզոնական շարժումների վրա։ Էներգիայի որոշ մասը անջատվում է ջերմության տեսքով, իսկ ոչ մեծ մասը արձակվում է միջավայրում սեյսմիկ առաձգական ալիքների տեսքով, որոնք տարածվում են երկրագնդի մարմնում։ Երբ սեյսմիկ ալիքները հասնում են երկրագնդի մակերեսին, նրանք առաջացնում են գետնի տատանումներ, որոնք մենք ընկալում ենք որպես երկրաշարժեր։ Քանի որ սեյսմիկ ալիքներն առաջանում են ոչ թե մեկ անշարժ կետից, այլ ճաքի շարժվող կողից, և քանի որ նրանք կարող են իրենց ճանապարհին նաև անդրադառնալ, ապա նրանք Երկրի մակերես հասնում են տարբեր ուղղություններով և տարբեր ժամանակներում։

Գոյություն ունեն սեյսմիկ ալիքների երկու հիմնական տիպեր՝ ծավալային և մակերևութային ալիքներ։ Ծավալային ալիքները տարածվում են Երկրի ծավալում ինչպես առաձգական կամ ձայնային ալիքները։ Մակերևութային ալիքները տարածվում են մակերևույթով, ինչպես ծովում առաջացող ալիքներ։

Ծավալային ալիքներն առաջանում են ապարների անմիջական տրոհմամբ, արձակվում են ամբողջ միջավայրում և տարածվում բոլոր ուղղություններով (ծավալներով), հեռավորությունից կախված թուլանալով՝ մարելով։ Նրանք իրենց հերթին բաժանվում են երկու հիմնական տիպերի՝ երկայնական ալիքներ, որոնք նշանակում են P տառով, տարածվում ավելի մեծ արագությամբ և շուտ հասնում Երկրի մակերևույթին, ազդանշում երկրաշարժի փաստի մասին, որի համար կոչվում են նաև առաջնային և լայնական ալիքներ, որոնք նշանակվում են S տառով, որոնք տարածվում են ավելի փոքր արագությամբ և հասնում Երկրի մակերեսին մի քիչ ուշացած, բայց ունենում են ավելի մեծ հարվածի ուժ և վերջնականապես հաստատում, որ երկրաշարժ է տեղի ունեցել։

Այսպիսով, երկայնական են կոչվում այն «առաջնային» սեյսմիկ ալիքները, որոնց տարածման դեպքում մասնիկները կատարում են ալիքի տարածման ուղղությամբ տատանումներ (ձգում-սեղմում)։ Իսկ լայնական ալիքներն այն «երկրորդական» սեյսմիկ ալիքներն են, որոնց տարածման դեպքում մասնիկները կատարում են ալիքի տարածմանն ուղղահայաց տատանումներ (սահքի դեֆորմացիաներ), ունեն ավելի փոքր արագություն, քան երկայնական P ալիքները, բայց օժտված են ավելի մեծ էներգիայով, հեղուկ միջավայրով չեն տարածվում։

Ինչպես ցանկացած ջարդվածքի կամ կտրման դեպքում, այնպես էլ երկրաշարժ առաջացնող ապարների տրոհման պրոցեսը սկսվում է մի որոշակի կետից և հաջորդաբար շարունակվում՝ արձակելով տարբեր ուժգնության ու պարբերության ծավալային ալիքներ, կախված տրոհման, ընդհանուր դեպքում որոշ հաստության, շերտի ճաքերի չափերից ու քանակից։ Չնայած երկրաշարժի օջախից անընդհատ արձակվում են ծավալային ալիքներ, միջավայրի ամեն մի մասնիկ կատարելով հետադարձ համընթաց շարժումներ, մնում է համարյա նույն տեղում։ Քանի որ բոլոր մարմինները պինդ, թե հեղուկ, ընդունակ են փոխանցել ճնշում, ապա P ալիքները կարող են հատել երկրագնդի ամբողջ զանգվածը՝ պինդ և հեղուկ։ Ինչ վերաբերում է S ալիքներին, ապա նրանք կարող են հատել միայն պինդ զանգվածներին։

Մակերևութային ալիքները նշանակվում են L տառով, տարածվում են Երկրի մակերեսով, ընդգրկելով շատ փոքր ծավալներ և տարածվելով ավելի փոքր արագությամբ, քան P և S։ Բացի դրանից, մակերևութային ալիքներն ունենում են ավելի մեծ պարբերություններ, քան ծավալային ալիքները։ Մակերևութային ալիքների շատ տարատեսակներ կան, որոնցից գլխավորներն են Ռելեի LR և Լյավի LQ ալիքները։ Ռելեի ալիքներում մասնիկները շարժվում են ուղղաձիգ հարթության մեջ գծելով էլիպս (երկայնական ալիք), իսկ Լյավի ալիքներում մասնիկները կատարում են հետադարձ-համընթաց շարժումներ ալիքի տարածման ուղղահայաց ուղղությամբ (սահքի ալիքներ)։ Երկայնական և լայնական ալիքների արագությունները ոչ միայն տարբերվում են իրարից, այլև կախված են միջավայրի նյութի տեսակից և դեպի Երկրի կենտրոն եղած խորության մակարդակից։ Նշենք, որ ժայռային գրունտների համար P և S ալիքների արագությունների մեծություններն ընդունվում են՝ 6.3 կմ/վրկ < VP < 7.8 կմ/վրկ, 3.7 կմ/վրկ < VS < 4.4 կմ/վրկ, VP / VS = 1.73 ։

Առավել ավերիչ երկրաշարժերը

1556 հունվարի 23 — Գանսյու և Շանսի, Չինաստան — Չինական երկրաշարժ 830 000 մարդ է զոհվել։

1692 — Ճամայկա — Պորտ-Ռոյալը լիովին ավերվել է։

1737 — Կալկութա, Հնդկաստան — 300 000 մարդ է զոհվել։

1755 — Լիսաբոն — 60 000-ից մինչև 100 000 մարդ է զոհվել, քաղաքը լիովին ավերվել է։

1783 — Կոլաբրիա, Իտալիա — 30 000-ից մինչև 60 000 մարդ է զոհվել։

1811 — Նյու Մադրիդ, Միսսուրի, ԱՄՆ — քաղաքը լիովին ավերվել է, 500 կմ² տարածքում ջրհեղեղ։

1896 — Սանրիկու, Ճապոնիա — էպիկենտրոնը ծովում էր։ Հսկայական ալիքը 27 000 մարդ և 10 600 շինություն է ավերել։

1897 — Ասսամ, Հնդկաստան — 23 000 մ² տարածքը անճանաչելիորեն փոխվել է, հավանաբար մարդկային պատմության ընթացքում ամենախոշոր երկրաշարժն է։

1906 — Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ 1 500 մարդ է զոհվել, քաղաքի 10 կմ² տարածք է ավերվել։

1908 — Սիցիլիա, Իտալիա 83 000 մարդ է զոհվել, Մեսսինա քաղաքը լիովին ավերվել է։

1911 հունվարի 4 (դեկտենբերի 22 1910 ըստ հին տոմարի) — Վերնիյ (մինչև 1921 — Ալմա Աթայի անվանումը),Ղազախստան, Ռուսական կայսրություն. 9-10 բալ ուժգնությամբ, համարյա ողջ քաղաքը ավերվել է, մնացել են եզակի կառույցներ։

1920 — Գանսյու, Չինաստան 20 000 մարդ է զոհվել։

1923 — Կանտոյի մեծ երկրաշարժ — Տոկիո և Յոկոգամա, Ճապոնիա (8,3 ըստ Ռիխտերի) — 143 000 մարդ է զոհվել։, ծագած հրդեհի պատճառով մոտ 1 000 000 մարդ մնացել է առանց տանիքի։

1939 — Ներքին Տավրոս, Թուրքիա 32 000 մարդ է զոհվել։

1948 — Աշխաբադ, Թուրքմենիա, Աշխաբադի երկրաշարժ, — 110 000 մարդ է զոհվել։

1949 — Էկվադոր 10 000 մարդ է զոհվել։

1950 — Հիմալայներ սարերում 20 000 կմ² տարածք է ավերվել։

1960 — Ագադիր, Մարոկո 12 000 — 15 000 մարդ է զոհվել։

1960 — Չիլի, Չիլիի մեծ երկրաշարժ, մոտ 10 000 մարդ է զոհվել, ավերվել են Կոնսեպսեն, Վալդիվիա, Պուերտո-Մոն քաղաքները։

1963 — Սկոպյե, Հարավսլավիա մոտ 2 000 մարդ է զոհվել, քաղաքի մեծ մասը ավերվել է։

1964 — Անկորիջ, Ալյասկա, ԱՄՆ քաղաքի մեծ մասը ավերվել է, մեծ սահանքներ, 300 կմ երկաթգիծ է քանդվել։

1966 ապրիլի 26 — Տաշքենդ, Ուզբեկիստան, Տաշքենդի երկրաշարժ — (5.3 ըստ Ռիխտերի սանդղակի) քաղաքը խիստ տուժել է, 8 մարդ է զոհվել։

1970 — Պերու 63 000 մարդ է զոհվել։, 600 000 մարդ մնացել է առանց տանիքի։

1976 — Գվատեմալա ավելի քան 20 000 մարդ է զոհվել, մոտ 1 000 000 մարդ մնացել է առանց տանիքի։

1976 հուլիսի 28 — Տյանշան, հյուսիս-արևելյան Չինաստան, Տյանշանի երկրաշարժ (8,2 ըստ Ռիխտերի սանդղակի) — ավելի քան 655 000 մարդ է զոհվել։

1981 — Սիցիլիա ավերածություններ բազմաթիվ բնակավայրերում, սկսել է գործել Էթնա հրաբուխը։

1985 — Մեխիկո, Մեքսիկա (8,2 ըստ Ռիխտերի սանդղակի) — ավելի քան 7 500 մարդ է զոհվել։

1988 դեկտեմբերի 7 — Սպիտակի երկրաշարժ (6.9 բալ)։ Հայաստան, ավերվել են Սպիտակ, Լենինական քաղաքները և բազմաթիվ գյուղեր, 25000 մարդ է զոհվել, նույնքան ստացել են խեղումներ։

1995 մայիսի 28 — Նեֆտեգորսկ, Հյուսիս-արևելյան Սախալին (7.5 բալ) 1841  մարդ է զոհվել։

Սիչուանի երկրաշարժը (2008) — երկրաշարժ կենտրոնական Չինաստանում, զոհվել է մոտ 70000 մարդ։

2010 հունվարի 12 — Հայիթիի երկրաշարժ (2010), Պորտ-օ-Պրենս, (7.0 բալ)։ 2010 թ. փետրվարի 1-ի դրությամբ, մարդկային զոհերի ստույգ քանակը դեռ հայտնի չէր։

2011 մարտի 11 — Ճապոնիայի երկրաշարժ (2011),Հոնսյու կղզում (9.1 բալ) ավելի քան 15,854 մարդ է զոհվել։

Երկրագնդի տասը ամենախոշոր քաղաքներից ութը գտնվում են սեյսմավտանգ գոտում ։ Տոկիոյի, Մեխիկոյի, Նյու Յորքի, Մումբայի, Նյու Դելիի, Շանհայի, Կալկաթայի եւ Ջակարտայի բնակիչների կյանքն ու անվտանգությունն ապահովված չեն։

Սեյսմաբանները խոշոր երկրաշարժեր են կանխատեսում նաեւ այլ մեգապոլիսներում, մասնավորապես` Ստամբուլում եւ Լոս Անջելեսում։

Մարդկության պատմության մեջ ամենասարսափելի երկրաշարժները

Կրակատաուի երկրաշարժը

1883թ.-ի օգոստոսի 26-ին Կրակատաու հրաբխի (Ինդոնեզիա) ժայթքումը ամենասարսափելիներից մեկն էր մարդկության պատմության ընթացքում: Կրակատաուն գտնվում է Յավա եւ Սումատրա կղզիների միջեւ: Հրաբխի ժայթքումից ոչնչացվել է կղզու մեծ մասը, եւ զոհ են դարձել ավելի քան 40 հզր մարդ: Կղզու 800 հզր քառակուսի մակերեսը ծածկված էր հրաբխային մոխիրով, որը եւ ոչնչացրել է ամեն կենդանի բան:

1201թ.-ի եգիպտական երկրաշարժը

Այս աղետը արտացոլվել է այդ տարիների եգիպտական տարեգրքերի մեջ եւ հանրահայտ Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենակործանարար երկրաշարժ: Տարեգիրների խոսքերով` Եգիպտոսում եւ Սիրիայում զոհվել են մոտ 1 մլն մարդ: Հնարավոր է, որ պատմիչների տվյալները հեռու են իրականությունից, եւ հավանականությունը մեծ է, որ թվերը չափազանցված են: Սակայն հստակ հայտնի է, որ երկրաշարժը ոչ միայն զանգվածային ավերածություններ է գործել, այլեւ հանգեցրել է լուրջ աշխարհաքաղաքական փոփոխությունների ողջ տարածաշրջանում:

Գանձակի (այժմ Գյանջա) երկրաշարժը

Ամենակործանարար երկրաշարժների թվում է նաեւ 1139թ.-ին Գյանջայում տեղի ունեցած աղետը, որի զոհն են դարձել շուրջ 230 հզր մարդ: Այդպիսի հետեւանքների էր հանգեցրել մոտ 11 բալանոց երկրաշարժը: Այդ երկրաշարժի մասին շատ քիչ բան է հայտնի եւ հիմնական տեղեկությունը վերցվել է հայ հայտնի պատմիչ, առակագիր, մտածող-գիտնական, օրենսդիր եւ հասարակական գործիչ Մխիթար Գոշի տարեգրություններից: Նա նկարագրել է ավերված քաղաքների եւ մեծ քանակությամբ զոհերի մասին: Օգտվելով երկրաշարժից` թուրքական զորքերը հարձակվել են քաղաքի վրա, թալանել ու սպանել են ողջ մնացած մարդկանց:

Մեծ չինական երկրաշարժը

Այն տեղի է ունեցել 1556թ.-ին Չինաստանի Շենսի գավառում: Այս երկրաշարժը խլել է ավելի քան 850 հզր մարդու կյանք եւ մարդկության պատմության ընթացքում համարվում է ամենաավերիչ եւ սարսափելի աղետներից մեկը: Աղետի էպիկենտրոնում զոհվել են բնակչության 60 տոկոսը. այդքան մեծ կորուստները պայմանավորված են այն հանգամանքով, որ մարդիկ այն ժամանակ ապրել են կրե քարանձավներում, որոնք փլվել են նույնիսկ ամենաթեթեւ ցնցումից: Տերեգիրների գրվածքներում ասվում է, որ շինությունների մեծ մասը ակնթարթորեն փլվել են, եւ երկրաշարժի ալիքը այնքան ուժեղ է եղել, որ լանդշաֆտը մշտապես փոխվել է՝ գոյացել են նոր բլուրներ եւ բացատներ, գետերը փոխել են իրնց հուները: Մեծ ավերածություններ են գործել նաեւ հետցնցումները, որոնք շարունակվել են գլխավոր աղետից հետո մի քանի ամիս:

Լիսաբոնյան երկրաշարժը

Մեծ Լիսաբոնյան երկրաշարժը տեղի է ունեցել 1755թ.-ի նոյեմբերի 1-ին: Այն տեղի է ունեցել վաղ առավոտյան եւ փլատակների է վերածել Պորտուգալիայի մայրաքաղաքը ընդամենը 6 րոպեում: Գետնի ցնցումներին հետեւել են ցունամին ու հրդեհները, եւ ընդհանուր առմամբ աղետին զոհ են դարձել մոտ 80 հզր մարդ: Սա առաջին երկրաշարժն էր, որը ուսումնասիրվել է եւ այնուհետ խթան է հանդիսացել ժամանակակից սեյսմոլոգիայի զարգացմանը: Ներկա պահին երկրաբանները հետազոտել են Լիսաբոնյան երկրաշարժը եւ գնահատում են 8.7 բալ ուժգնության:

Սիցիլիական երկրաշարժը

Սիցիլիական երկրաշարժը տեղի է ունեցել 1693թ.-ին: Այն սկսվել է Էտնա լեռան ժայթքումով եւ ավիրել է ողջ հարավային Իտալիան ու սիցիլական Մալթան: Աղետի զոհ են դարձել 60-100 հզր մարդ:

Աշխաբադյան երկրաշարժը

Թուրքմենական ԽՍՀՄ-ում տեղի ունեցած երկրաշարժը խլել է ավելի քան 60-110 հզր մարդ (չճշտված տվյալներով): Այն ունեցել է 9-10 բալ ուժգնություն: Աշխաբադի երկրաշարժի հետեւանքով ավերվել է քաղաքի 90-98 տոկոսը:

2010թ.-ի Հաիթիի երկրաշարժը

2010թ.-ին Հաիթիում տեղի է ունեցել սարսափելի դժբախտություն, որից այդ ոչ մեծ երկիրը չի կարողանում ուշքի գալ մինչեւ օրս: Հզոր երկրաշարժը եւ ցունամին ավերել են կղզիների բոլոր ենթակառուցվածքները ու ստիպել բնակիչներին զբաղվել կողոպուտով ու թալանով, որպեսզի կարողանան գոյատեւել այդ բարդ իրավիճակում: Այդ ժամանակ հանցագործությունները, անարխիան եւ համաճարակները կտրուկ աճեցին: Ընդհանուր առմամբ զոհվածները հաշվվում էին հարյուր հազարներով, իսկ տուժածները` միլիոններով:

Պերուի երկրաշարժը

-ին Խաղաղ օվկիանոսում` ափից 25 կմ հեռավորության վրա: Զոհերի ճիշտ քանակը մինչ այժմ անհայտ է, բայց պաշտոնական տվյալներով զոհվել են ավելի քան 70 հզր մարդ, իսկ 800 հզր-ը մնացել են անօթեւան: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.9 բալ:

Սպիտակյան երկրաշարժը

Հայտնի է նաեւ որպես Լենինականյան երկրաշարժ: Երկրաշարժը տեղի է ունեցել 1988թ.-ի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով 11:41-ին Հայաստանի հյուսիս-արեւմտյան տարածքում: Աղետի էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է շուրջ 11.2 բալ: Երկրաշարժի հետեւանքով գրեթե ամբողջապես ավերվել են Սպիտակ քաղաքը եւ հարակից 58 գյուղերը եւ մասամբ Լենինական (ներկայիս Գյումրի), Ստեփանավան, Կիրովական (ներկայիս Վանաձոր) քաղաքները: Զոհվել է մոտ 25 հզր մարդ (ոչ պաշտոնական տվյալներով ավելի շատ), մոտ 514 հզր մարդ մնացել է անօթեւան: Ընդհանուր առմամբ աղետը ազդել էր Հայաստանի տարածքի 40 տոկոսին:

Երկրաշարժին նախապատրաստվելիս անհրաժեշտ է՝

Բնակարաններում չկատարել շենքի սեյսմակայունությունը խաթարող ձևափոխումներ (հիմքի թուլացում, կրող պատերում որմնախորշերի բացում և այլն):

Չխցանել շենքերի մուտքերը, աստիճանավանդակները և միջանցքներն ազատ ելումուտը խանգարող մեծածավալ առարկաներով: Պատուհանների մետաղյա ճաղաշարերը դարձնել շարժական, դռները՝ պարզ և արագ բացվող, իսկ վթարային ելքերը պահել ազատ:

Ծանր սարքերը և կահույքը տեղադրել հիմնական պատերի տակ՝ ամրացնելով այն հատակին կամ պատին: Մահճակալները տեղադրել պատուհանից հեռու, հիմնական պատի մոտ և գլխավերևում չկախել ծանրառարկաներ:

Նախապես որոշել տան կամ աշխատանքի ամենաանվտանգ տեղերը (հիմնական պատերը, հիմնական պատերի անկյունները, դռան բացվածքները, հենասյուները և այլն), որտեղ կարելի է պատսպարվել մինչև ցնցումների ավարտը:

Ձեռքի տակ ունենալ Աղետի կապոց՝ առաջին օգնության արկղիկով, մի քանի օրվա սննդի պաշարով, գրպանի լապտերով, ռադիոընդունիչով, տաք հագուստով և այլն:

Ինչ անել երկրաշարժի ընթացքում՝

Խուճապի չմատնվել, շենքի ստորին հարկերում գտնվելիս անհապաղ դուրս գալ և հեռանալ դեպի բաց, անվտանգ տարածություն: Վերին հարկերում գտնվելիս պատսպարվել ապահով տեղում՝ հեռու մնալով արտաքին պատերից և պատուհաններից: Ընկնող բեկորներից կարելի է պաշտպանվել՝ մտնելով սեղանների և մահճակալների տակ:

Փողոցում գտնվելիս՝ հեռանալ շենքերից և հաղորդալարերից դեպի բաց տարածություն, իսկ տրանսպորտում գտնվելիս՝ այն կանգնեցնել բարձրահարկերից հեռու և մնալ տեղում մինչև ցնցումների ավարտը:

Գիշերը տեղի ունեցող ստորգետնյա ցնցումների ժամանակ արթնանալիս՝ օգտվել միայն գրպանի լապտերից (հնարավոր հրդեհներից խուսափելու համար), հագնվելու վրա ավելորդ ժամանակ չկորցնելով`վերցնել Աղետի կապոցը և գործել իրավիճակին համապատասխան:

Ինչ անել երկրաշարժից հետո՝

Փլատակներում գտնվելիս պետք չէ հուսահատվել, հնարավորության սահմաններում հարկավոր է տեղափոխվել ավելի անվտանգ տեղ, կարիքի դեպքում՝ ցուցաբերել առաջին օգնություն: Պետք է ջանալ կապ հաստատել (բղավել, հարվածել հնչեղ առարկաներով) հարևան փլատակներում և դրսում գտնվողների հետ: Կարելի է փորձել սողանցք բացելով ինքնուրույն դուրս գալ փլատակներից՝ խուսափելով իրար վրակուտակված մեծ բեկորներից:

Փլատակում գտնվելու առաջին օրերին չհայտնաբերվելու դեպքում խուճապի մի՛ մատնվեք, խնայեք ուժերը, ավելորդ շարժումներ մի՛ կատարեք, սննդի առկայության դեպքում պաշարը բաժանեք մի քանի մասի՝ խնայողաբար օգտագործելով այն: Հիշեք, որ ձեզ որոնում են և կփրկեն:

Եթե ձեր կացարանը քիչ է տուժել, և հնարավոր է այնտեղ ապրել, ապա առաջին հերթին պետք է ստուգել՝ արդյոք չե՞ն վնասվել էլեկտրահաղորդալարերը, վառարանների ծխնելույզները, կոյուղին, չկա՞ գազի արտահոսք, չե՞ն թափվել վտանգավոր հեղուկներ և այլն:

Համաճարակներից (հատկապես ամռանը) և հրդեհներից խուսափելու համար անհրաժեշտ է խստորեն պահպանել սանիտարահիգիենիկ և հակահրդեհային կանոնները:

Եթե երկրաշարժի ժամանակ շենքում եք

ա․ եթե բարձրահարկ շենքի 1-ին եւ 2-րդ հարկերում եք‚ աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից‚ հեռացեք դեպի բաց տարածություն‚

բ․ եթե գտնվում եք 3-րդ եւ ավելի բարձր հարկերում‚ շենքից դուրս մի եկեք‚ աստիճաններն ու սանդղակները խցանված կլինեն խուճապահար մարդկանցով‚ վերելակները կարող են անջատվել ցանկացած պահի։ Բացի դրանից‚ առաջին հերթին‚ սովորաբար‚ աստիճաններն ու սանդղակավանդակները փլվում են։

գ․ կարելի է կանգնել շենքի միջին մասի հիմնական կրող պատերի‚ նրանցով կազմված անկյունների‚ այդ իսկ պատերում դռան բացվածքների եւ հենասյուների մոտ՝ գլխավերեւում պահելով աթոռ‚ պայուսակ կամ այլ համապատասխան իր՝ վերեւից թափվող ծեփակտորներից պաշտպանվելու համար։ Կարելի է նաեւ մտնել տարածքում գտնվող մահճակալի կամ սեղանի տակ‚

դ․ պատուհաններից եւ շենքի արտաքին պատերից հեռու մնացեք‚ դրանք փլվում են առաջին հերթին՝ փշրվող առարկաներից չվնասվելու համար‚

ե․ զգուշացեք ծանր ու մեծածավալ առարկաներից՝ պահարաններից‚ սառնարաններից‚ որոնք կարող են տեղաշարժվել եւ շրջվել‚

զ․ ցնցումների ավարտից հետո փորձեք դուրս գալ շենքից՝ նախապես որոշված ճանապարհով‚

է․ շենքից դուրս գալուց զգուշացեք ընկնող բեկորներից‚ կոտրատված ապակիներից‚ կտրված էլեկտրալարերից‚

ը․ փլուզումներից առաջացած փոշուց կարող եք շնչահեղձ լինել։ Այդ իսկ պատճառով շնչելիս օգտագործեք թաշկինակ‚ գլխաշոր կամ հագուստից պոկված մի կտոր։

Եթե երկրաշարժի ժամանակ գտնվուն եք փողոցում

ա․ հեռացեք շենքից‚ կամուրջներից եւ էլեկտրասյուներից հեռու‚ դեպի անվտանգ
տարածություն,

բ․ երբեք շենք չմտնեք այնտեղ գտնվողներին դուրս բերելու համար․ դա շատ վտանգավոր է։
Մնացեք դրսում միաժամանակ փնտրեք նրանց օգնելու տարբերակներ։

Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք ընթացող տրանսպորտում

Երբ սկսվում է ուժեղ երկրաշարժը‚ դուք չեք կարող տիրապետել ղեկը։ Տպավորությունն այնպես է‚ կարծես թողել է մեքենայի անիվը։ Այդ ընթացքում‚ որպեսզի համոզվեք‚ որ դուք չեք հարվածել որեւէ այլ մեքենայի կամ էլ ձեզ չեն հարվածել‚ դանդաղեցրեք ավտոմեքենայի ընթացքը եւ շարժվեք ճանապարհի աջ կողմով։ Կանգ առեք համեմատաբար բաց տարածությունում՝ կամուրջներից‚ բարձրահարկերից եւ էլեկտրասյուներից հեռու։ Մնացեք մեքենայում‚ հետեւեք մեքենայի ռադիոընդունիչով տրվող տեղեկատվությանը եւ գործեք համաձայն դրա։

Բոլոր մեքենաների մուտքը դեպի աղետի գոտի խստիվ արգելվում է‚ բացի մասնագիտացված տեխնիկայից‚ փրկարարական ջոկատներից‚ հրշեջ խմբերից եւ շտապ օգնությունից։

Եթե մետրոյում եք

Եթե մետրոն ռմբակոծության ժամանակ ապահով ապաստարան է‚ ապա ուժեղ երկրաշարժի դեպքում այն նույնքան վտանգավոր է։

Այդ դեպքում՝

ա․ խուճապի մի մատնվեք եւ առաջահերթ ապահովեք ձեր անվտանգությունը,

բ․ Ցնցման ժամանակ ամուր բնռվեք որեւէ առարկայից‚ օրինակ ուղեբեռի դարակից եւ երկաթե ձողերից այնպես‚ որ չընկնեք,

գ․ 5 բալանոց երկրաշարժի ժամանակ հոսանքը կանջատվի‚ գնացքը ժամանակավորապես կկանգնի‚ մետրոյի կանգառում ինքնաբերաբար կմիանան վթարային լամպերը,

դ․ դեպի ելքերը գնալը վտանգավոր է‚ եւ կարող է խուճապ առաջացնել։

Հետեւեք կայարանի բարձրախոսով տրվող ցուցումներին։

Եթե արթնացել եք ստորգետնյա ցնցումներից

ա․ Ոչ մի դեպքում չօգտվեք էլեկտրականությունից‚ չօգտագործեք լուցկի կամ գազայրիչ (գազատարը կարող է վնասված լինել)։
Օգտվեք միայն գրպանի լապտերից։

բ․ Հագնվելու վրա ժամանակ մի վատնեք‚ արագ վերցրեք ամենաանհրաժեշտ իրերով պայուսակը‚ գործեք բաժնի նախորդ կետերում նշված կանոնների համաձայն:

Թողնել մեկնաբանություն